Լենինն ու Ալին
I Աշխարհի կենտրոնը — Մոսկո՛վն է: Մոսկովը Մեկկայից էլ հի՛ն է: Մոսկովից մեծ քաղաք — չի՛ք: Քանի որ Մոսկովի միջին Ապրում է ինքը — Լենինը: Տրապիզոնը Մոսկովից հեռո՛ւ է: Տրապիզոնից Մոսկով — Չես հասնի ոտքով դու իսկի: Թե ունես ոսկի՝ Կնստես նախ նավ դու Ու նավով կերթաս նախ Բաթում. Հետո գնացք նստած Կհասնես Թիֆլիս, Հետո Բաքու, Ռաստով. Հետո կերթա՛ս — կերթա՛ս Ու նոր Կհասնես Մոսկով: Ա՛յ, Մոսկովում հենց այդ Ապրում է արխադաշ Լենինը: Նա, որ մեծ է, ինչպես ամենամեծ խալիֆ: Բայց այնպիս՛ի խալիֆ, Որ հասկանում է միշտ ֆուխարայի հալից: Այս է պատճառը հենց, Որ սիրում է նրան տրապիզոնցի Ալին: Թիավար է Ալին մի նավակի վրա: Ստանում է ամիսը — Երեք ու կես լիրա: Աշխատում է սակայն առավոտից — գիշեր: Ու սիրում է նրան Տերը, ինչպես գրաստ — Քշել, Քշել, Քշել: Սիրում է Ալին Լենինին: Նրա մասին նրան Պատմել է նավաստի մի ռուս: Ցույց է տվել նրան Պատկերքը Լենինի. Ասել է. « — Լենին — կառոշ: Ալի՛ն ասել է. — Չո՞կ, Ուռուսն ասել է. — Յա՞. Լենին վար — Բուրժույյո՛կ»: Բուրժույ — այսինքն զանգին, Այսինքն էֆենդի, աղա. Այն, որ նստում են հանգիստ, Ուտում են ուրիշի քրտինք Ու սիրում են Միշտ Ծովափին Նստել նարդի խաղալ: Հասկացել էր Ալին. «Լենին — բեյուկ խալիֆ»: «Բեյուկ խալիֆ» սակայն, Որ հասկանում է միշտ ֆուխարայի հալից: Ու սիրում էր նրան, Այդ Լենինին հեռու Իր չարքաշի սիրով տրապիզոնցի Ալին: II Այդ օրը սուգ էր Մոսկովում Ու սուգը — վա՛ռ էր: Որբացել էր ասես պրոլետարը: Ով որ մոտ էր նրան — Արդեն գիտեր. — Էլ չկա Կարմիր Ղեկավարը... Փակել էր աչքերը Ղեկավարը, Որ կյանքում չբանա էլ բնավ: Քնել էր Ղեկավարը Անզարթնելի քնով: Այդ օրը արդեն Կոմկուսը Հավաքում էր մկան առ մկան Իր ուժերը, որ պատնեշ հյուսե Անողոք կորուստի դիմաց: Այդ օրը ամեն պրոլետար Մոսկովում, Բաքվում, Թիֆլիսում Շինել էր իր կամքը — բետոն Ու հոգին — չուգուն. Պողպատել էր իրեն, որ էգուց, Կորուստի տեղ այդ թանկագին` Կուռ` Դնե բյուրմկան մի բռունցք Ոսոխի բկին: Մորմոքող իր սրտով այդ օրը Մեր երկրում ամեն պրոլետար Այնպե՛ս էր զգում, կարծես նո՛ր է, Կարծես նո՛ր է եկել կռվի օրը Եվ ինքը գոռ գրոհ պիտի տա. Ամփոփե պիտի իր ուժերը, Հավաքե մկանն իր վերջին, Որ մնա՛ բանվորի դիկտատուրը Եվ հաղթե — Առանց Իլյիչի... III Ու թռավ ռադիոն այդ օրը, Ինչպես թուր աշխարհը կիսող` Մահառիթ ռադիոն այդ օրը Մոսկովից հասավ Տրապիզոն: Այդ օրը այնքա՛ն էր աշխատել, Որ հալից ընկել էր Ալին: Մարմինը քրտինք էր պատել, Բայց պիտի աշխատեր էլի: Նվում էր ամեն մի մկանը, Նվալով քաշում էր դեպի տուն. Բավակա՛ն է, ասում էր, — բավակա՛ն է Հոգնությունը քո... Երեկո էր: Մութ ծովափով Գնում էր Ալին դեպի տուն: Ու տեսավ հանկարծ ծովափին Իր ծանոթ նավաստուն ռուս: Մոտեցավ, Որ ասի սալամ, Սեղմի ձեռքը՝ ծանոթ ինչպես հին, Ու կամաց փսփսա նրան. « — Կարաշո՛ Լենին»: Մոտեցավ: Տխուր էր նավաստին: Անծանոթ էր դեմքը: Անօգ: Ու չասավ մշտական «դրաստի»-ն Այլ— Կամաց. « — Ալի՛, Լենին յո՛կ»: էլ ոչինչ: Հեռացավ: Ու թվաց թե Լեռնացած` զարկեց մի ալիք: Հասկացա՛վ խոսքերի մութ իմաստը Նավաստի Ալին… IV Գիշեր է: Քնել է Տրապիզոնը: Չի հաչում անգամ մի շուն: Ոստիկանը միայն, ինչպես շունը` Արթուն է. Հսկում է փողոցում: Սրթսրթում են սև սոսիները, Փսփսում են ասես խավարին, Որ թեկուզ Տրապիզոնը քնել է, Բայց ահա — արթուն է Ալին: Գողեգող գնում է Ալին Պատերի տակով դեպի մութը: Գողեգող գնում է Ալին — Դեպի ու՞ր. Լոկ ինքը գիտե՛ : Մոտենում է ահա կամացուկ Մի շենքի: Կորած խավարում՝ Ցուցանակ կա այնտեղ մի ծուռ... Նկարած է վրան — Նա գիտե — Հասարակ — Մանգաղ ու մուրճ: Շրջում է այդտեղ գողեգող Ոստիկանը՝ խեթ ու տռուզ: Կոչվում է շենքը քաղաքում — «Կոնսուլատ ռուս»: Մոտենում է Ալին ինչպես գող: Անցնում է մոտից ոստիկանը: Սահում է Ալին կողքով — Մոտենում է դռանը: Սեղմում է զանգը: Զանգից սակայն զիլ, Խոր լռությա՛ն մեջ Զարկում է Մի սիրտ: Բացվում է դուռը: Մտնում է ներս: Լոկ պահապանն է, Որ արթուն է դեռ: Նա ճանաչում է Կարդաշ-Ալուն. Հաճախ գնացել են մեկտեղ լողալու: Բայց արդեն գիշեր է. Ուշ է արդեն. Ի ՞նչ է հարկավոր Ալուն արդյոք: — — Կոնսո՞ւլ... — Խա՛ — խա՛... — Գիշեր է: Ուշ: Բայց բախտից Ալու — Հյուպատոսն հանկարծ ելնում է դուրս, — «Լենին յո՞կ» — հարցնում է Ալին: Լռություն: Ինչպես մուրճ՝ տաշող: Եվ– կրծքին խփելով Ալին՝ Մրմնջում է՝ — «Նե՛թ կարաշո»: Եվ ապա, նայելով գետին, Մի բանից ասես վախելով՝ Ասում է՝ դառնությամբ լի. « — Ալի պլոխ: Ալի — աղլիոր»: Խոնարհում է գլուխը ներքև, Անխոս վիշտ է հայտնում ու պատիվ — Եվ— Հեռանում է՝ քսվելով պատին… V Ուրիշ ի՞նչ: Ոչինչ: Խնդալու Կամ լալու կարծեմ պատճառ չի՛ք: - — Ողջո՛ւյն արխադաշ Ալուն: — Հաղթանա՜կ գործին Իլյիչի:
Եղիշե Չարենց
|
Комментариев нет:
Отправить комментарий