вторник, 10 сентября 2013 г.

Վիկտոր Հմազասպի Համբարձումյան


Վ. Համբարձումյանը ծնվել է հայկական ընտանիքում Թիֆլիսում 1908 թ. սեպտեմբերի 5(18)-ին: Հայրը` Համազասպ Ասատուրի Համբարձումյանը եղել է բանասեր, բանաստեղծ, Հոմերոսի Իլիականի եւ Ոդիսականի թարգմանիչ դասական հունարենից արեւելահայ աշխարհաբարի: 1924 թ. Վիկտորն ընդունվել է Լենինգրադի Մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը եւ մեկ տարի անց տեղափոխվել Լենինգրադի Պետական համալսարան: 1926 թ., տակավին ուսանող, նա հրատարակել է իր առաջին գիտական հոդվածը` նվիրված արեգակնային ջահերին: Համալսարանն ավարտելուց հետո 1928 – 1931-ը Վ. Համբարձույանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում Բելոպոլսկու ղեկավարությամբ: 1930 թ. ամուսնացել է Վերա Ֆյոդորովնա Համբարձումյանի հետ (ծնյալ` Կլոչիխինա, ծնունդով` Պերմի նահանգի Սոլիկամսկի գավառի Լիսվա գյուղից): 1934 թ., Լենինգրադի Համալսարանում չորս տարի աշխատելուց հետո, Վ. Համբարձումյանը հիմնադրում եւ ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը: 1934 – 1941 թթ. Վ. Համբարձումյանը եղել է Լենինգրադի Համալսարանի աստղադիտարանի տնօրենը: 1939թ. Վ. Համբարձումյանը ընտրվում է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, իսկ 1953 թ.` իսկական անդամ: Հայրենական Մեծ պատերազմի սկզբում Վ. Համբարձումյանը զբաղեցնում էր Լենինգրադի Համալսարանի գիտական պրոռեկտորի պաշտոնը: Պատերազմի ամենասկզբում Համալսարանի գիտական աշխատանոցները տարհանվում են ռազմաճակատից հեռու Ելաբուգա քաղաքը Թաթարստանում, ուր Համբարձումյանը անց է կացնում չորս տարի` ղեկավարելով Համալսարանի գիտական մասնաճյուղը: Պատերազմի ամենածանր փուլում` 1943-ին հիմնադրվում է Հայկական ԽՍՀ Գիտությունների Ակադեմիան: Օրբելին դառնում է Ակադեմայի նախագահ, իսկ Վ. Համբարձումյանը ընտրվում է փոխնախագահ: 1947 թ. Վ. Համբարձումյանը ընտրվում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նախագահ եւ ապա վերընտրվում է այդ պաշտոնում ընդհուպ մինչեւ 1993 թ., որից հետո դառնում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի պատվավոր նախագահ: Վ.Համբարձումյան երկու անգամ (1968 – 1970 եւ 1970 – 1972 թթ.) ընտրվել է Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ: Վ. Համբարձումյանը վախճանվել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում: Թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը:

Комментариев нет:

Отправить комментарий