Իսահակյան Ավետիք
Բանաստեղծ և արձակագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը
ժողովրդական իդեալների և ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհափիլիսոփայությամբ, վարքով ու արժանապատվությամբ:
Ավետիք Իսահակյանը նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) և Հառիճի վանքի դպրոցներում, 1889–92 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ աշակերտել է Հովհաննես Հովհաննիսյանին, Ստեփան Լիսիցյանին և ուրիշների:
1892 թ-ի դեկտեմբերին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով: 1893 թ-ին մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895 թ-ին վերադարձել է հայրենիք:
Հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896 թ-ին ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898 թ-ին աքսորվել է Օդեսա: 1900 թ-ին կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901 թ-ի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք: 1908 թ-ին կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911 թ-ին մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912–26 թթ-ին ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926 թ-ին ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930 թ.: 1930–36 թթ-ին ապրել է Փարիզում, 1936 թ-ի դեկտեմբերին վերադարձել է հայրենիք: 1946–57 թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը:
Իսահակյանի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երգեր ու վերքերը» (1898 թ.), նշանավորել է ժողովրդական բանաստեղծի մուտքը գրական աշխարհ։ Գրքի հիմնական թեմաները՝ հայրենասիրություն, մայրական սեր, բնապաշտություն, կյանքի և մահվան առեղծվածի փիլիսոփայական ըմբռնում, բնորոշ դարձան նրա հետագա բանաստեղծությունների համար։
Նրա «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Իսահակյանի քնարերգությունն իր ոգով ու ոճով, բովանդակությամբ ու գեղարվեստական առանձնահատկություններով ժողովրդային է: Բանաստեղծի համար սերը կյանքն է՝ իր բոլոր հմայքներով ու հրապույրներով, սիրո կործանումը հավասարազոր է կյանքի իմաստի կորստի:
Ալեքսանդր Բլոկ
«Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այժմ այդպիսի պայծառ ու անմիջական տաղանդ չկա ողջ Եվրոպայում»:
Комментариев нет:
Отправить комментарий